Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սիրիայի պատերազմի հիմքում Միջերկրական ծովի էներգակիրներն են

Սիրիայի պատերազմի հիմքում Միջերկրական ծովի էներգակիրներն են
23.10.2017 | 22:13

Արևմտյան հանրությանը Սիրիայի քաղաքացիական պատերազմը ներկայացվեց բացառապես իբրև ժողովրդական ապստամբություն` Ասադի վարչակազմի տապալման և կառավարման առավել ժողովրդավարական ձևի անցման համար։ Մենք գիտենք, որ դա ճշմարտության նվազագույն մասն է, գիտենք այդ տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահերի մասին և ինչու արևմտյան որոշ պետություններ ու Պարսից ծոցի նավթային միապետություններ սադրում էին այդ ապստամբությունը, որի պատճառով Դամասկոսից մի քանի տասնյակ կիլոմետրի վրա սկսեց ծածանվել ԻՊ-ի դրոշը։ 2010-2011-ին Սիրիայի մերժումը իր տարածքը տրամադրել Կատար-Թուրքիա գազատարի համար առավել քան բավարար է` բացատրելու Բաշար Ասադի տապալման փորձերը: Սակայն գազատարը և գլոբալ տերությունների ռազմավարական շահերը Սիրիայի տարածքում պատերազմ սադրելու միակ պատճառը չեն` Միջերկրական ծովի արևելյան հատվածում նոր պայքար է սկսվել բնական գազի համար։ Լևանտական ծովի ավազանը` այն տարածքը, որ Սիրիայից ձգվում է Իսրայելի հարավ և ներառում է ծովի մի մասը, կարող է դառնալ գազի հանույթի նոր սահման: Այդ ամբողջ տարածքում տարբեր հանքավայրեր կան, որ առայժմ միացված չեն գազատարների և չեն շահագործվում։ Բացի իսրայելական ծովի «Լևիաթան» և «Տամար» հանքավայրերից, որտեղ սկսվում է շահագործումը և Եվրոպային կմիանան ապագա East Med գազատարով, ծովում կան այլ հանքավայրեր Կիպրոսի, Լիբանանի ու Սիրիայի միջև։ Կիպրոսում արդեն համարյա մեկ տարի աշխատում է իտալական Eni գազային ընկերությունը, որ 2015-ին Կիպրոսի էներգետիկայի նախարարի հետ պայմանագիր է ստորագրել, որով թույլատրվում է ածխաջրածինների որոնումը կղզուն պատկանող արևելյան ծովային տարածքների երեք հատվածներում։ Ֆրանսիական Total ընկերությունը 2 տարով երկարացրել է տարածքի իր ուսումնասիրության թույլտվությունը, իսկ ExxonMobil-ի ու Կատարի համատեղ ձեռնարկությունը իր հետախուզական աշխատանքները նախատեսում է ավարտել 2018-ին:

Այս ամենը ակտիվ հետաքրքրություն է ստեղծում աշխարհագրական այս տարածքի նկատմամբ։ Լիբանանում անցած շաբաթ առաջին մրցույթները կայացան մերձափնյա գոտու 5 հատվածների յուրացման համար, որոնցից երկուսը ստացավ Total, Eni ու ռուսական Новатек ընկերություններից ձևավորված միավորումը։ Մրցույթը անցկացվեց 3 տարի ուշացումով տարածաշրջանում քաղաքական անկայունության ու Իսրայելի ճնշման պատճառով, որ վիճարկում է 860 քառակուսի կիլոմետր տարածք, որտեղ ընկերությունները յուրացման հնարավորություն են ստացել։ Պարզ է, որ Սիրիայի իրավիճակի նորմալացումը բացում է դռները նավթային ընկերությունների առաջ, որ համաձայնագրեր են կնքում Լևանտական ծովի էներգետիկ ռեսուրսների շահագործման ու առևտրայնացման վերաբերյալ, որի հյուսիսային մասը, այսինքն` Լիբանանի ու հարավային Սիրիայի հատվածը երբեք մանրամասն չի ուսումնասիրվել։ Համաձայնագրերում տարբեր կողմեր կան` Eni-ից բացի, որ, ամենայն հավանականությամբ, ստանում է Միջերկրական ծովի արևելյան մասի ամենամեծ հատվածը ուսումնասիրության համար, բաժանմանը մասնակցում են Total-ը, Новатек-ը և Exxon-ը, իսկ մրցավազքին մասնակցող պետությունները փորձում են հնարավորինս շահավետ կապիտալացնել գազի համար նոր պայքարը։


East Med գազատարը կհայտնվի Իտալիայի, Իսրայելի, Կիպրոսի ու Հունաստանի համաձայնության արդյունքում և կմիացնի իսրայելական ծովի հանքավայրերը Եվրոպայի հետ Հունաստանի ու Իտալիայի տարածքով (այսինքն` TAP գազատարով)։ Ծրագիրը նախատեսում է 2025-ին 6-7 միլիարդ դոլար մասնավոր ներդրումներ աշխարհի ամենաերկար ստորջրյա գազատարի շինարարության մեջ (2200 կիլոմետր): Առևտրայնացման ծրագրերում, ամենայն հավանականությամբ, կներգրավվի և Լիբանանը, Eni-ի գլխավոր տնօրեն Դեսկալցիի նախագծի շրջանակներում` «Ընդհանուր հայտարարի բերել Իսրայելի, Կիպրոսի և Եգիպտոսի ապագա ռեսուրսները և տրանսպորտային ու արտահանման ինֆրակառույցները, այդպես տարածքը կարող է դառնալ տարածաշրջանային գազային հանգույց և կարևոր ներդրում ունենալ եվրոպական էներգետիկ անվտանգության մեջ»: Ծրագիրը նախատեսում է գազի մատակարարում 3 երկրների ընդհանուր տարածքից, որոնց շուտով կարող է հավելվել ևս մեկը` Դամիետուում (Եգիպտոս), որտեղ Eni-ն վերահսկում է իսպանական Union Fenosa ընկերության հեղուկ գազի արտադրության գործարանները։ Այս նախագիծը շատ է հետաքրքրում Թել Ավիվին` Իսրայելը ցանկանում է մատակարարել իր գազը «Լևիաթան» ու «Տամար» հանքավայրերից ստորջրյա գազատարերով մինչև եգիպտական նավահանգիստ և ստանալ երկրորդ և շատ կարևոր առևտրական ալիք Եվրոպայի հետ, որ թույլ կտա վնասազերծել Թուրքիայի «անսպասելի զայրույթի բռնկումները», որ այս պահին Իսրայելի ափերի մոտ արդյունահանված ամբողջ գազի մատակարարումով է զբաղված։
Առանձին խոսակցության թեմա է իրավիճակը Եգիպտոսում, որ շնորհիվ վերջերս Eni ընկերության գտած «վիթխարի» հանքավայրի` Նեղոսի արևելյան դելտայում, այսինքն` ծովի այն մասում, որ հայտնվել է գետը լցվող ջրամբարտակների գոտում (խոսքը Զոհրի մասին է, որ կարող է արդյունահանել 850 միլիարդ խորանարդ մետր գազ), գազ ներմուծող երկրից անակնկալ դարձավ գազ արտահանող: Կահիրեն իրոք մտադիր էր 15 տարի Թել Ավիվից ներմուծել 68 միլիարդ խորանարդ մետր գազ, բայց Զոհրի հայտնագործումն ու շահագործումը արմատապես փոխեցին իրավիճակը: Գազի համար նոր պայքարին մասնակցող բոլոր երկրների էներգետիկ հանգույցի ստեղծումը գուցե բավարարի բոլորին։ Սիրիան ու նրա գազի ծովային պաշարները մինչև հիմա մնում են մեծ անհայտ` հիմա, երբ Ասադը շատ թե քիչ կայունությամբ շարունակում է կառավարել Դամասկոսում` շնորհիվ Մոսկվայի աջակցության (ակնհայտորեն` ոչ անվճար), գուցե նախատեսվում են իրադարձությունների զարգացման երկու տարբեր սցենարներ:


Առաջին սցենարի շրջանակներում Սիրիան կարող է մտնել East Med գազատարի շահագործման և էներգետիկ հանգույցի համամաձայնագրի մեջ, բայց դա կպահանջի Ռուսաստանից նշանակալից «դիվանագիտական ջանքեր», որ Իսրայելը համաձայնի թշնամական երկրի մասնակցությանը։ Երկրորդ սցենարի շրջանակներում, գուցե շատ ավելի հավանական, նախատեսվում է Լևանտի սիրիական մասում ածխաջրածնային ռեսուրսների Մոսկվայի ու Անկարայի կառավարում` եվրոպական ընկերությունների հետ երկկողմ համաձայնագրերի համապատասխան։ Օրինակ` Eni-ի, որ Ռուսաստանի հին ու արտոնյալ գործընկերն է, և Total-ի: Հետո նախատեսվում է միացումը Տրանսանատոլիական գազատարին, որ Կատարի Պանարաբական գազատարի հետ դարձավ Սիրիայում բռնկված քաղաքացիական պատերազմի պատճառներից մեկը։
Պաոլո ՄԱՈՒՐԻ, Gli Occhi Della Guerra, Իտալիա


Հ.Գ. Ահա այսպես` հիմա վերցրեք քարտեզը ու ուսումնասիրեք Միջերկրական ծովը, որտեղ գտնված գազի պաշարները խառնեցին ամբողջ աշխարհը` արաբական գարնան ու քաղաքացիական պատերազմների միջով գազի նոր երթուղիներից հնարավորինս մեծ շահ ունենալու համար: Ահա ինչու` ԱՄՆ-ը մտավ Մերձավոր Արևելք` խառնելու ու իր թերթաքարային գազի ճանապարհը բացելու: Ահա ինչու` Ռուսաստանը մտավ Սիրիա` ապահովելու Ասադի իշխանությունը և ելքը դեպի Միջերկրականի գազային հանքավայրեր: Ահա ինչու Իրաքյան Քրդստանը այդքան պետք էր Իսրայելին` Քիրկուկի նահանգով։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը և մյուս ահաբեկչական խմբերը գործիքներ են` այս կամ այն երկրի ճանապարհը դեպի գազ փակելու ու մյուսների առաջ բացելու համար: Իսկ հետո խառնվեցին և մյուս շահերը, ու` գնաց: Գուցե գազը դառնա նաև խաղաղության պատճա՞ռ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3738

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ